Դատավոր Հոլդենը պատերազմ է քարոզում (Արյան Միջօրեական)
Translated an excerpt from Cormac McCarthy’s Blood Meridian into Armenian.
Այն օրերի սպիտակ արեւների տակ նրանք վտիտ դարձան ու նվաղեցին եւ նրանց դատարկ, հոգնատանջ աչքերը նմանվեցին գիշերային թափառողների աչքերի՝ օրվա լույսից զարմացած: Գլխարկների տակ կռացած՝ նրանք փախստականների կերպ ունեին՝ վեհ գոյության ծիրում, ինչպես էակներ որոնց ծարավ էր արեւը: Նույնիսկ դատավորը դարձավ լռակյաց ու մտածկոտ: Նա խոսել էր մարդու վրա իշխանություն ունեցող բաներից մաքրվելու մասին, բայց խումբը որն ընդունում էր այդ դիտողությունները վաղուց էր մերժել ցանկացած հավակնություն իր նկատմամբ: Նրանք շարունակեցին ճանապարհը եւ քամին տարավ նրանց առջեւի մանր մոխրագույն փոշին, եւ նրանք քշեցին բանակը՝ մոխրագույն-մորուքավորների, մոխրագույն մարդկանց, մոխրագույն ձիերի: Հյուսիսի լեռները պառկած էին ծալքավոր շերտերով՝ արեւակող ձգված եւ օրերը զով էին ու գիշերները՝ ցուրտ եւ նստեցին նրանք կրակի մոտ՝ ամենքը մթության իր շրջանի մեջ, այդ մութ շրջանի ներսում, մինչ ապուշը նայում էր իր վանդակից՝ լույսի եզրին: Դատավորը կացնի մեջքով կոտրեց այծքաղի սրունքոսկրը, եւ տաք ոսկրածուծը ծխալով կաթեց քարերի վրա։ Նրանք հետեւում էին նրան։ Թեման պատերազմն էր։
Սուրբ գիրքն ասում է, որ սրով ապրողը, սրով էլ պիտի ոչնչանա, - ասաց սեւը:
Դատավորը ժպտաց. նրա դեմքը յուղալի փայլեց:
Ո՞ր ճիշտ մարդը ուրիշ կերպ կուզեր, - ասաց նա։
Սուրբ գիրքը, — ասաց Իրվինգը, — իսկապես պատերազմը չարիք է համարում։ Բայց դրա էջերում անթիվ արյունալի պատմություններ կան։
Նշանակություն չունի մարդիկ ինչ են մտածում պատերազմի մասին, — ասաց դատավորը։ Պատերազմը չի վերանում։ Նույն հաջողությամբ հարցրու մարդկանց ինչ են մտածում քարի մասին։ Պատերազմը միշտ է եղել այստեղ։ Դեռ մարդը չկար՝ պատերազմն սպասում էր նրան։ Բարձրյալ արհեստը սպասում էր իր բարձրյալ վարպետին։ Այդպես է եղել եւ այդպես էլ կլինի։ Այդպես ու ոչ որեւէ այլ կերպ։
Նա շրջվեց դեպի Բրաունը, որից լսել էր շշուկով ինչ-որ հայհոյանք կամ առարկություն։ Ախ, Դեյվի, — ասաց նա, — հենց քո արհեստն ենք պատվում այստեղ։ Ինչո՞ւ չտաս մի փոքր խոնարհում։ Թող մեկն էլ մյուսին ճանաչի։
Իմ արհե՞ստն է։
Իհարկե։
Իսկ որն է իմ արհեստը:
Պատերազմը։ Պատերազմն է քո գործը։ Այդպես չէ՞։
Իսկ քո՞նը։
Իմն էլ։ Բազմիցս:
Բա էդ տետրերն ու ոսկորներն ու էդ մնացածը:
Մնացած բոլոր արհեստներն ընդգրկված են պատերազմի մեջ։
Դրա՞ համար է, որ պատերազմը մնայուն է։
Ոչ։ Պատերազմը գոյատեւում է, քանզի ջահելները սիրում են այն, եւ ծերերը սիրում են այն նրանց մեջ։ Թե կռվածները, թե չկռվածները։
Դա քո պատկերացումն է:
Դատավորը ժպտաց։ Մարդիկ ծնվում են խաղերի համար։ Ուրիշ ոչնչի համար։ Ամեն երեխա գիտի, որ խաղն ավելի վեհ է քան աշխատանքը։ Նա գիտի նաեւ, որ խաղի արժեքն ու արժանիքները չեն բխում հենց խաղից, այլ վտանգի ենթարկվածի գնից: Բախտի խաղերը պահանջում են խաղադրույք, որպեսզի ընդհանրապես իմաստ ունենան։ Սպորտային խաղերը ներառում են հակառակորդի հմտությունն ու ուժը, իսկ պարտության նվաստացումն ու հաղթանակի հպարտությունն ինքնին բավարար խաղադրույք են, քանզի բխում են մասնակիցների արժանապատվությունից եւ սահմանում են նրանց ով լինելը: Լինի բախտի փորձություն թե արժանիքի՝ բոլոր խաղերը ձգտում են պատերազմի վիճակին, քանի որ այստեղ այն ինչ դրված է ռիսկի կուլ է տալիս եւ խաղը, եւ խաղացողին, եւ ամեն ինչ։
Ենթադրենք երկու մարդ՝ քարտ խաղացող, որոնք ոչինչ չունեն խաղադրելու, բացի իրենց կյանքից։ Ո՞վ չի լսել նման պատմություն։ Քարտի շրջում: Եւ էս տեսակ խաղացողի համար ամբողջ տիեզերքը ճռռալով աշխատել է մինչև այս պահը, որը պիտի որոշի՝ նա՞ է մեռնելու մյուսի ձեռքով, թե՞ մյուսն՝ իր։ Ի՞նչ առավել վկայություն կարող է լինել մարդու արժեքի համար։ Խաղի այս բարձրագույն աստիճանը այլևս չի հանդուրժում վեճ ճակատագրի մասին։ Մի մարդու ընտրվելը մյուսի փոխարեն նախընտրություն է՝ բացարձակ և անդառնալի, եւ միայն բութը կարող է կարծել, թե այդքան խոր վճիռը կարող է լինել առանց կամքի կամ առանց իմաստի։ Այն խաղերում, որտեղ պարտվողի ոչնչացումն է խաղադրույքը, որոշումները պարզ են։ Էս մարդը՝ էս քարտերը ձեռքին, պարզապես դուրս է մղվում գոյությունից։ Սա է պատերազմի բնույթը, որի խաղադրույքը միաժամանակ եւ խաղն է, եւ իշխանությունը, եւ արդարացումը։ Եթե այդպես նայենք՝ պատերազմը գուշակության ամենաճշմարիտ ձեւն է։ Դա մեկի կամքի և մյուսի կամքի փորձությունն է՝ մի ավելի մեծ կամքի ներսում, որ կապում է նրանց եւ այդ իսկ պատճառով ստիպված է ընտրություն անել։ Պատերազմը վեհագույն խաղն է, քանզի ի վերջո այն ստիպում է ամբողջ գոյությանը դառնալ մեկ ամբողջություն։ Պատերազմը աստված է։ Բրաունը զննեց դատավորին։
Դու խելագար ես, Հոլդեն։ Վերջը հասար դրան:
Դատավորը ժպտաց։