Write, to find out what you think.

Read it back, to find out whether you even like what you think.

Edit until it’s something you actually want to think.

Now you do think it, and you’ll remember it.

Publish, then other people can think it, if they want.

Երեք տարի արդեն Հայաստանում չեմ: Որոշեցի արտագաղթած կյանքի կենսափորձից կիսվել: Հիմնականում երեք բան մոտիվացրեցին գրել սրա մասին՝

  • Ընկերական շրջապատում ու հայոց համացանցերում հաճախ եմ հանդիպում մարդկանց` ովքեր մտորում են երկրից գնալու շուրջ, բայց գտնվում են տարակուսանքի կամ analysis paralysis վիճակի մեջ:

  • Հայկական համացանցում, իմ տպավորությամբ, թրենդային է դարձել Հայաստանում մնալը «քարոզելը». cheesy ու միակողմանի ֆեյսբուքյան գրառումների ձեւաչափով: Գրառումս դրանց շարքին հակառակ տեսանկյուն ավելացնելու հավակնություն ունի, բայց մեծ հաշվով կլինի կոմպլեմենտար ու կoգնի 1-ին կետի մարդկանց կատարելու ավելի ինֆորմացված որոշում:

  • Սկզբում դրածս մեջբերումը:

Գրառմանս թիրախային խումբը Հայաստանում արդեն կայացած կամ գրեթե կայացած մարդիկ են (իմ շրջապատում հիմնականում՝ IT ոլորտից), ովքեր արդեն երկրից գնալու հարցի շուրջ մտածում են:

Երկրից գնալու որոշումը դժվար որոշում է, բայց եթե մտածես, որ գնում ես կարճ ժամանակով ու դուր չգալու դեպքում հետ ես գալու, ապա որոշում կայացնելը հեշտ կտրվի: Նույնը կարելի է կիրառել հետ գալու որոշումը կայացնելու ժամանակ: Դժվարությունները սրանով չեն վերջանա, իհարկե, հետո կսկսվեն այլ դժվարություններ՝ կարոտ, զրոյից ամեն ինչ սկսել, ինքնության ճգնաժամ, լեզվական խնդիրներ, ինտեգրվելու ուղղությամբ կատարվող ճիգեր եւ այլն: Գրառումը, սակայն, դժվարությունների մասին չէ, մի փոքր մտավարժանք անելով կարելի է սպասվող խնդիրների մեծ մասի մասին պատկերացում կազմել: Ուզում եմ ավելի շատ պատմել դրական երեւույթների մասին, որոնք գուցե առավել քիչ ակնհայտ են, ու որոնց մասին ես կուզեի լսել ուրիշներից եւս:

Միանգամից հայտնեմ կարծիքս՝ եթե հնարավորություն ունեք գնալու ու արտերկրում ապրելու. փորձեք: Ինչի՞: Ամենա մեծ պատճառը՝ աշխարհայացքի ու կենսափորձի ընդլայնումն է: Շատ ձեւեր կան մտահորիզոնը ընդլայնելու ու ինքնակրթվելու՝ ստեղծել ինչ որ բան, կարդալ լավ գիրք, շփվել հետաքրքիր մարդկանց հետ, ունենալ փսիխոդելիկ ճանապարհորդություն եւ այլն: Էս մեթոդներից կարելի է, որոշ վերապահումներով, օգտվել առանց ոչմի տեղ գնալու: Սակայն,երկրից գնալը ու որոշ ժամանակ, այլ մշակույթում ապրելը աշխարհընկալման զարգացման ու ճանաչողության ընդլայնման շատ հզոր ու ազդեցիկ ձեւ է: Տուրիզմն իր տեղն ունի, բայց սրան չի կարող փոխարինել: Տուրիստական այցերը հիմնականում լինում են չափազանց կարճաժամկետ ու սպառողական բնույթի, ու չեն կարող անձի ձեւավորման վրա ունենալ զգալի հետք:

Փոփոխությունների էն մագնիտուդը, որ սպասվում է արտերկրում ապրելու ժամանակ, արդեն մտավարժանքով դժվար կլինի պատկերացնել: Եթե նույնիսկ կարծում եք, որ ունեք սահմանափակ հետաքրքրասիրություն, ապա այլ մշակույթում ինտեգրվելու անհարմարությունները կստիպեն տեղից շարժվել, սովորել նոր բաներ: Հայաստանը միատարր է ու փոքր: Դա պարունակում է լճացման ու խմբակային մտածողության ծուղակն ընկնելու ռիսկեր (groupthink): Հայտնվելով ավելի մեծ աշխարհում՝ տարբեր ազգերի ներկայացուցիչների շրջապատում, աշխատելով ու շփվելով նրանց հետ, լսելով տարբեր կարծիքներ ու տեսնելով քեզնից ռադիկալ ձւեով տարբերվող այլ մարդկանց, նաեւ տեսնելով մեծ մրցակցություն անհնար է չաճել: Հայաստանին հեռվից, ներհայեցողականորեն, զննելն ունի նաեւ թերապեւտիկ էֆեկտ` էգոյի ճշգրտման տեսանկյունից: Ընդհանրապես շատ ավելի մեծ ու բազմազան միջավայր ընկնելը էգոյի ճշգրտման ու առողջացման համար կարեւոր նշանակություն ունի. բուդդիստական տեսանկյունից չեմ ասում(չնայած որոշ դեպքերում դա էլ), սա ուղղակի կապ ունի ինքնազարգացման, անընդհատ սովորելու ու ինքդ քեզ լավարկելու հետ: Միջավայրը կարեւոր է:

Դրսում մասնագիտությամբ աշխատելը միանշանակ կնպաստի նաեւ մասնագիտական հմտությունների աճին՝ ավելի բազմազան մշակույթի, մեծ մրցակցության, ընկերությունների հղկված պրոցեսների ու մշակույթի, մեծ աշխատաշուկայի հաշվին: Բացի մասնագիտական հմտություններից կզարգանան նաեւ լեզվի(սա միայն Հայաստանում ապրելով դժվար է) ու հաղորդակցության հմտությունները: Դրսում գտնվելը, նաեւ, նոր ծանոթություններ ձեռք բերելու ու դրանց շրջանակը ընդլայնելու հնարավորություններ կտա: Սրանք ներդրումներ են ամբողջ կյանքի համար՝ ուր էլ հետո ապրելու լինեք: IT ոլորտի դեպքում՝ Հայաստանում կան հետաքրքիր, խելացի մարդկանցով լցված ըներություններ, ու ես էլ աշխատելով Հայաստանում միշտ գտնվել եմ հետաքրքիր ու ինձնից ավելի խելացի մարդկանց շրջապատում, բայց էն փորձը, որ սկսեցի ունենալ աշխատելով AWS-ում համեմատելու եզրեր չունի Հայաստանում, ու նույնիսկ Adyen-ում, ունեցածս փորձի հետ (սա առանձին գրառման թեմա է)՝ եթե կարճ, ապա AWS-ում, թե տեխնիկական ու փափուկ հմտությունների, թե ձեռներեցության ու առաջնորդության հմտությունների զարգացման անսահման ու իմ նախկին փորձերում հավասարը չունեցող հնարավորություններ կան: Նույնը՝ գումար աշխատելու տեսանկյունից էլ, նույնիսկ Եւրոպայում, որտեղ ապրում եմ հիմա: Թյուր կարծիք կա, որը ազդում է շատերի որոշումների վրա, թե էստեղ գումար հնարավոր չէ աշխատել: Հիմա Blind-ի ու Levels.fyi-ի շնորհիվ, երեւի թե, մարդիկ ավելի ինֆորմացված են քան առաջ (ես էլ էի առաջ էդ կարծիքին, ու եթե գումար աշխատելը իմ առաջնային մոտիվացիան լիներ, ապա չէի կայացնի գալու որոշումը): Լավ/ավագ ծրագրավորող լինելու դեպքում Ամստերդամում կարելի է աշխատել €150k+ (Total Compensation), US-ում՝ մի քանի անգամ սրանից ավել: Դիտարկեք FAANGոիդը փորձելու տարբերակը, ու ինչքան շուտ էնքան լավ: Վերջերս մի տեղ կարդացի՝ «The best part of working at a great company is that you get to see what great looks like»: Շատ կարեւոր է great-ի համն իմանալ` գոյություն ունեցող ամպլիտուդաների մասին պատկերացում կազմելն ու «unknown unknowns»-ների մասին սկսել կռահելը: Ու սա չի վերաբերում միայն ընկերություններին, դրսում ապրելով հնարավորություն ունես տեսնելու ու հասկանալու great բաներ այլ ոլորտներում, օրինակ՝ մշակույթի ոլորտում, լինելով great թանգարաններում(սրանք անընդհատ շնչում ու թարմացվում են ու հանրությանը անընդհատ կրթելու ֆունկցիա ունեն) կամ ներկա լինելով great ներկայացումների սկսում ես ավելի լավ հասկանալ ինչ է great-ը արվեստում(Հայաստանում էս տեսանկյունից համատարած միջակություն է տիրում, որը ծնում է ցինիզմ, անտարբերություն, բռիություն կամ անտեղի պարծենկոտություն, թե դրանով զբաղվողների, թե դրանցով «կրթվող» հանրության շերտերի մեջ) ու ինչի է դա կարեւոր: Սա կնպաստի Thing Big ու երկարաժամկետ մտածողության զարգացմանը:

Դրսում ապրելը, սակայն, ունի շատ մեծ ռիսկ՝ երբեք Հայաստան հետ չտեղափոխվելու ռիսկը: Այնուամենայնիվ, նույնիսկ հաշվի առնելով դա դուրս եկեք, եթե արդեն տանջվում եք էդ մտքով, դարձրեք ինքներդ ձեզ ավելի սուվերեն անհատ՝ թե մտածողության ու աշխարհայացքի, թե ֆինանսական տեսանկյունից: Հետագայում, իդեալական դեպքում, կարող եք վերադառնալ Հայաստան (հույս ունեմ ես էլ ի վերջո էդ որոշումը կկայացնեմ), տարածելու ստացած փորձը, սեփական նախաձեռնություններով զբաղվելու ու երկրի վրա ավելի մեծ օգտակար ազդեցություն ունենալու, սրա լավ օրինակներ կան: Ավելի անկախ անհատներով լցված երկիրը, ըստ տրամաբանության, պետք է որ անկախության մակարդակի աճ գրանցի, հարստանա ու դառնա ավելի հետաքրքիր միջավայր: