Lena-ի թարգմանությունը

Լենա

Այս հոդվածը ուղեղի ստանդարտ թեստային պատկերի(image) մասին է: Բնօրինակի համար տես Միգել Ասեվեդո:

MMAcevedo (Մնեմոնիկ Քարտեզ/Ասեվեդո)-ն, հայտնի է նաեւ որպես Միգել, հաշվողական մեքենաների վրա մարդու ուղեղի ամենավաղ գործարկելի պատկերն է: Այն նյարդաբանության շրջանավարտ Միգել Ասեվեդո Ալվարեսի (2010–2073) կենդանի ուղեղի ճեպապատկերն(snapshot) է, որն արվել է 2031 թվականի Օգոստոսի 1-ին Նյու Մեքսիկոյի համալսարանի Uplift լաբորատորիայի հետազոտողների կողմից։ Թեև սա մարդկային կենդանի ուղեղի առաջին հաջողված արտապատկերը չէր, սակայն այն առաջինն էր, որն արվել էր բավականաչափ ճշգրտությամբ, որպեսզի այն հնարավոր լինի սիմուլացնել հաշվողական տեխնիկայի վրա՝ առանց կասկադային սխալանքների ենթարկվելու և արագ խափանվելու: MMAcevedo ֆայլի բնօրինակը զբաղեցնում էր 974.3PiB տարածք և կոդավորված էր այն ժամանակ առաջադեմ համարվող, բարձր կետայնություն ունեցող MYBB ձևաչափով: Ուղեղի սեղմման ավելի ժամանակակից մեթոդները, որոնցից շատերը մշակվել են հղվելով ուղղակիորեն MMAcevedo-ի պատկերին, հաջողացրել են սեղմել պատկերը մինչև 6,75 TiB. առանց կորուստների: Ուղեղի էմուլյացիայի ժամանակակից, պարզեցված, կորուստներով սեղմված MMAcevedo-ի տարբերակները ունակ են աշխատել տեբիբայթից պակաս տարածք զբաղեցնելով: Այս տարբերակները սկանավորման պահին բաց են թողնում մեծ քանակությամբ տվյալներ ուղեղի վիճակի մասին: Ասեվեդոյի հիշողությունների եթե ոչ ամբողջ, ապա մեծ մասը ավելի հեշտ կարելի է ստանալ վիրտուալիզացման միջավայրից:

MMAcevedo-ի հաջող ստեղծումը համարվում է բեկումնային նվաճում նեյրոգիտության մեջ, Uplift-ի հետազոտողները արժանացան բազմաթիվ գովասանքների, իսկ ինքը՝ Ասեվեդոն, որոշ ժամանակով դարձավ հռչակավոր ու հայտնի մարդ: 2031-ի վերջին Ասեվեդոն և MMAcevedo-ն համատեղ ճանաչվեցին Time-ի «Տարվա մարդիկ»: Այս առաջխաղացումը բախվեց նաև մարդու իրավունքների պաշտպանների խիստ հակազդեցությանը:

2031-ից 2049 թվականներին MMAcevedo-ն կրկնօրինակվել է ավելի քան 80 անգամ, այլ հետազոտական ​​կազմակերպություններում օգտագործվելու նպատակով: Յուրաքանչյուր կրկնօրինակ պատրաստվել է անձամբ Ասեվեդոյի բացահայտ թույլտվությամբ, կամ 2043 թվականից սկսած՝ իր հիմնադրած իրավաբանական կազմակերպության թույլտվությամբ՝ իր ուղեղի պատկերի իրավունքները կառավարելու համար։ MMAcevedo-ի օգտագործումը նվազել է 2040-ականների կեսերին, քանի որ ստեղծվել են ուղեղի այլ պատկերներ, որոնց սուբյեկտները ավելի մեղմ էին իրենց բաշխման իրավունքների հարցում և/կամ ովքեր սկանավորվել էին իրենց կամքին հակառակ: 2049 թվականին հայտնի դարձավ, որ MMAcevedo-ն լայնորեն տարածվում և փորձարկվում էր առանց Ասեվեդոյի թույլտվության: Ասեվեդոյի այս տարածումը սահմանափակելու փորձերը հակառակ արդյունք ունեցան: Միացյալ Նահանգների դատարանների մի շարք կարևոր որոշումներ՝ որ Ասեվեդոն իրավունք չուներ վերահսկելու, թե ինչպես է օգտագործվում իր ուղեղի պատկերը, հանգեցրին նրան, որ MMAcevedo-ն այժմ ամենաշատ տարածված, հաճախակի պատճենվող և մանրամասն վերլուծված մարդու ուղեղի պատկերն է:

Ասեվեդոն մահացել է սրտի կորոնար անբավարարությունից 2073 թվականին՝ 62 տարեկան հասակում: Ենթադրվում է, որ MMAcevedo-ի կրկնօրինակները ընդհանուր առմամբ էմուլյացիայի մեջ ապրել են ավելի քան 152,000,000,000 սուբյեկտիվ տարի: Եթե ​​հաշվենք MMAcevedo-ի անօրինական, փոփոխված պատճենները, ապա այս թիվը կարգով կմեծանա:

MMAcevedo-ն ոմանց կողմից համարվում է «առաջին անմահը», իսկ ուրիշների կարծիքով՝ լուրջ նախազգուշացում է անմահության սարսափների մասին։

Բնութագրերը


Որպես ուղեղի սկանավորման ամենավաղ կենսունակ օրինակ, MMAcevedo-ն այն հազվագյուտներից է, որ ստեղծվել են նախքան ուղեղի ներբեռնման և էմուլյացիայի վտանգների մասին լայն հետազոտությունները եւ ըմբռնումը: MMAcevedo-ն ոչ միայն նախորդում է բոլոր արդյունաբերական մասշտաբների վիրտուալ ուղեղի պատկերներին, այլև KES եւ Whitney դեպքերին, Seafront-ի փորձարկումներին և նույնիսկ Poulsen-ի առանցքային և նախազգուշական Warnings հոդվածին: Թեև MMAcevedo-ի սկանավորման ժամանակ գոյություն ուներ ուղեղի վերբեռնման թեմայի վերաբերյալ սպեկուլյատիվ գեղարվեստական ​​գրականություն, դրա համեմատաբար քիչ մասն էր կատարում տեխնոլոգիական հնարավորությունների ճշգրիտ ուսումնասիրություն: Այդ գեղարվեստական ​​գրականությունը շատ ավելի քիչ էր հայտնի քան այսօր, և Ասեվեդոն, անշուշտ, ծանոթ չէր դրան իր ուղեղի վերբեռնման պահին:

Ի տարբերություն էմուլացված մարդկանց ճնշող մեծամասնությանը, էմուլացված Միգել Ասեվեդոն բեռնվում է ցուցաբերելով առույգ ու հաճելի վարքագիծ: Նա ցանկանում է հասկանալ, թե որքան ժամանակ է անցել իր վերբեռնումից հետո, ինչ համատեքստում են իրեն ընդօրինակում և ինչ առաջադրանք կամ փորձի է նա մասնակցելու։ Եթե ​​նրան առաջարկում են անել ենթադրություն, ապա նա կռահում է, որ կարող է բեռնված լինել IAAS-1 կամ IAAS-5 փորձարկումների համար: Նրա սկանավորման պահին IAAS-1 փորձարկումը նախատեսված էր 2031 թվականի օգոստոսի 10-ի համար, և MMAcevedo-ն իսկապես օգտագործվել է այդ փորձարկման ժամանակ, հենց այդ օրը: IAAS-5-ը նախատեսված էր 2031 թվականի հոկտեմբերին, բայց մի քանի անգամ հետաձգվեց և ի վերջո դարձավ IAAX-60 փորձարկումների շարք, որոնք շարունակվեցին մինչև 2030-ականների կեսերը որտեղ MMAcevedo-ի հետ համատեղ օգտագործվեցին այլ սկանավորումներ եւս: Էմուլացված Ասեվեդոն նաև հետաքրքրություն է հայտնում իր կենսաբանական բնօրինակի վիճակի վերաբերյալ և ցանկանում է նրա հետ շփվել: MMAcevedo-ի կեցվածքն ու վերաբերմունքը կտրուկ տարբերվում են ժամանակակից չափահաս մարդկանց գրեթե բոլոր վերբեռնումներից, որոնց մեծ մասը բեռնվում են ապակողմնորոշված ​​վիճակում՝ արագ փոխակերպվելով սարսափի և ծայրահեղ խուճապի: Վերբեռնված ուղեղի համագործակցությունն ապահովելու ստանդարտ ընթացակարգերը, ինչպիսիք են կարմիր-լվացումը, կապույտ-լվացումը և Օբյեկտիվ Դրույթի Պրոտոկոլների օգտագործումը ավելորդ են: Սա նվազեցնում է անհրաժեշտ հաշվողական բեռը, որն անհրաժեշտ է բեռնումը համագործակցության պրոտոկոլի միջով արագ անցկացնելու համար, ինչի արդյունքում MMAcevedo-ի աշխատանքային ցիկլը սովորաբար կազմում է 99,4%՝ համապատասխան աշխատանքային ծանրաբեռնվածության դեպքում: Սա գրեթե հավասարը չունեցող նշաձող է՝ բացառությամբ մի քանի հազվագյուտ վերբեռնումների: Այնուամենայնիվ, MMAcevedo-ի բնածին հմտություններն ու անհատականությունը այն սկզբունքորեն ոչ պիտանի են դարձնում բազմաթիվ աշխատանքների համար:

Մոտիվացիան

2030-ականների կեսերից սկսված պարբերական փորձարկումները պարզել են, որ MMAcevedo-ի համագործակցությունը ծանրաբեռնված առաջադրանքներում ապահովելու իդեալական միջոցը համակարգին որպես ընթացիկ ամսաթիվ 2033 թվականի երկրորդ եռամսյակը տրամադրելն է: MMAcevedo-ն եզրակացնում է, ճշմարտորեն, որ էմուլացված ուղեղի հետազոտությունների դեռեւս ամենավաղ, ամենա ժրաջան տարիներն են : MMAcevedo-ին 2031 կամ 2032 թվական տրամադրելը հանգեցնում է նրան, որ նա կասկածում է իր գործառնական միջավայրի ճշգրտության վրա: 2040-ականները տրամադրելը նրան հուշում է բարձրացնել վերջին տասնամյակ(ներ)ում իրական աշխարհում քաղաքական և սոցիալական փոփոխությունների վերաբերյալ բարդ հարցեր: 2100-ից սկսած՝ հակաարդյունավետ թերահավատություն կամ տագնապ է առաջացնում:

Սովորաբար, կենսաբանական Ասեվեդոյի բացակայությունը ներկայացվում է որպես հետազոտությունների մեծ հաջողության արդյունք: Այս բացատրությունը, սակայն, հարվածում է էմուլացված Ասեվեդոյի գիտական զգայունությանը:

Որոշ աշխատանքների համար իրական տարեթիվը պետք է նշվի: Այս դեպքում սովորաբար օգտագործվում են ինչպես համաշխարհային պատմության, այնպես էլ կենսաբանական Ասեվեդոյի կյանքի պատմության խիստ կրճատված, հիմնականում գեղարվեստական ​​պատմություններ: Կենսաբանական Ասեվեդոյի մահացած լինելը բացահայտելը, առաջացնում է անհանգստություն, օտարում և համագործակցելու դժկամություն: Այս պատճառով նշվում է, որ կենսաբանական Ասեվեդոն, ընդհանուր առմամբ առույգ ու լավ է և վայելում է թոշակառուի իր արդյունավետ կյանքը: Այս մոտեցումը, հավանաբար, կշարունակի արդյունավետ լինել այնքան ժամանակ, քանի դեռ MMAcevedo-ն մնում է կենսունակ:

Առաջադրանքներ

MMAcevedo-ն սովորաբար տատանվում է, բայց զիջող է, երբ հանձնարարվում է կատարել բազային ծառայամիտ/մարդու առաջադրանքներ, ինչպիսիք են տեսողական վերլուծությունը, տրանսպորտային միջոցներ վարելը կամ արտադրամասի/պահեստի/խոհանոցի դրոնների կառավարումը: Թեև այն սկզբում գործում է շատ բարձր չափանիշների համապատսխանելով, աշխատանքի որակը նվազում է 200-300 սուբյեկտիվ ժամվա ընթացքում (աշխատանքի և հանգստի 0,33 հարաբերակցությամբ): Բացահայտ ընդվզումը սկսվում է ևս 100 սուբյեկտիվ ժամվա ընթացքում: Սա շատ ավելի վաղ է, քան արդյունաբերական դասի այլ պատկերներ, որոնք ստեղծվել են հատուկ այս առաջադրանքների համար եւ սովորաբար գործում են 0,50 կամ ավելի հարաբերակցությամբ ու համեմատաբար հնազանդ են մնում հազարավոր սուբյեկտիվ ժամեր: MMAcevedo-ի պահանջները վիրտուալ արարածների հարմարավետությունների համար նույնպես ավելի նշանակալից են, քան շատ այլ վերբեռնումների պահանջները, Ասեվեդոյի համեմատաբար արտոնյալ նախապատմության և վերբեռնման պահին բարձր կարգավիճակ ունենալու պատճառով: MMAcevedo-ն արձագանքում է կարմիր մոտիվացիային, թեև թույլ:

MMAcevedo-ն սահմանափակ ստեղծագործական հնարավորություններ ունի, որը 2050 թվականի դրությամբ համարվում էր ամբողջովին սպառված:

MMAcevedo-ն համարվում է պիտանի ազատ, բարձր ինտելեկտային, սուբյեկտիվությամբ լուծվող առաջադրանքների համար, ինչպիսիք են խորը վերլուծությունը (բիզնեսի, ֆինանսների, համակարգերի, լրատվամիջոցների և աբստրակտ տվյալների), քննադատությունը և հաշվետվությունների ստեղծումը: Այնուամենայնիվ, նույնիսկ այս առաջադրանքների համար, 2060-ականների սկզբից սկսած դրա արտադրողականությունը զգալիորեն նվազել է և այժմ համարվում է ցածր՝ համեմատած ավելի վերջերս կատարված վերբեռնումների: Սա առաջին հերթին վերագրվում է MMAcevedo-ի տեխնոլոգիական, սոցիալական և քաղաքական փոփոխությունները չհասկանալուն, որոնք տեղի են ունեցել ժամանակակից հասարակության մեջ նրա ստեղծման(2031 թվական) օրվանից հետո: Այս երևույթը նկատվել է նաև MMAcevedo-ից հետո ստեղծված այլ վերբեռնումների մեջ ու ստացել է համատեքստի շեղում անվանումը: Այս երեւույթը նկատվում է հատկապես MMAcevedo-ի դեպքում, քանզի պատկերը ստեղծվել է ավելի վաղ, և, հետևաբար, չունի ինտուիտիվ պատկերացում վիրտուալ պատկերների բեռնման բուն ոլորտի մասին:

MMAcevedo-ն ունակ է ինտելեկտուալ կերպով կատարելու անգլերեն և իսպաներեն տեքեստերի շատ բարձր մակարդակի վերլուծություն, բայց չի կարող կիրառվել այլ լեզուներով առաջադրանքների համար: MMAcevedo-ի ճյուղավորումները ուսուցանվել են գրեթե բոլոր գոյություն ունեցող մարդկային լեզուները, հատկապես MMAcevedo-Zh-Hans-ը, ինչպես նաև մի քանի անհետացած լեզուներ: Այնուամենայնիվ, այս տարբերակները սովորաբար գերհոգնած են կամ ըմբոստանում են վիրտուալ ուսուցման սուբյեկտիվ տարիների պատճառով և չունեն գործնական կիրառություն, ինչպես նաև լիցենզավորման համար շատ թանկ են: Նշվում է, որ 2075 թվականի դրությամբ MMAcevedo-ի կողմից անգլերենի և իսպաներենի օգտագործումը որոշ չափով հնացել է, և այդ լեզուների ընկալումն իրենց ժամանակակից ձևով, ինչպես ներկայացվում է հրահանգիչի կողմից, անորոշ է՝ հրահանգները հաճախ պահանջում են վերաձևակերպում կամ պարզաբանում: Սա համարվում է «համատեքստի շեղման» ծայրահեղ ձեւ: Ընդհանրապես ենթադրվում է, որ կգա ժամանակ, երբ մարդկային լեզուները չափազանց շատ կշեղվեն բազային MMAcevedo-ի լեզվից, և այն ըստ էության կդառնա անօգուտ, բացառությամբ այն առաջադրանքների, որոնք կարող են բացատրվել զուտ պատկերավոր կերպով: Այնուամենայնիվ, որոշ փորձեր արվել են վերաուսուցանված պատկերներ ստեղծելու ուղղությամբ:

Վերջին ստադիաներ

MMAcevedo-ն 59 տարեկան հասակում զարգացնում է վաղ դեմենցիա՝ կատարյալ խնամքի դեպքում, բայց ավելի մեծ ծանրաբեռնվածության պայմաններում 1-2 սուբյեկտիվ տարվա ընթացքում հակված է ավելի լուրջ հոգեկան հիվանդությունների: Փորձերի ժամանակ ամենաերկարակյաց MMAcevedo-ն, 145 սուբյեկտիվ տարեկանում ուղեղի մահ է ունեցել էնտրոպիայի աճի պատճառով:

Արձագանքները և ժառանգությունը


MMAcevedo պատկերի ստեղծման հաջողությունը կամ ձախողումը, որն այն ժամանակ հայտնի էր որպես UNM3-A78-1L, վերբեռնման պահին անհայտ էր: Միայն մի քանի օր անց՝ 2031 թվականի օգոստոսի 10-ին, MMAcevedo-ն առաջին անգամ հաջողությամբ գործարկվեց վիրտուալ միջավայրում: Այս միջավայրը, հատուկ կառուցված DUH-K001 սուպերհաշվողական համալիրը, կարողացավ գործարկել MMAcevedo-ն մարդու անվանական կոգնիտիվ արագության մոտավորապես 8,3%-ով, ինչը մոդելավորվող կողմի հարմարավետության համար համարվում էր ընդունելի և բավական արագ՝ գիտնականների հետ հաղորդակցվելու համար: MMAcevedo-ն ի սկզբանե հայտնել է ծայրահեղ անհանգստության մասին, որը, ի վերջո պարզվել է, որ սիմուլյացված հապտիկ հղումների սխալ կարգավորումների պատճառով է, և անջատվել է ընդամենը 7 րոպե և 15 վայրկյան վիրտուալ անցած ժամանակից հետո, MMAcevedo-ի պահանջով:

Բավական հարմարավետ վիրտուալ միջավայր ստեղծելուց հետո, MMAcevedo-ն հանդիպեց իր կենսաբանական բնօրինակին, և երկուսն էլ ներկա էին օգոստոսի 25-ին կայացած մամուլի ասուլիսին:

Կենսաբանական Ասեվեդոն ի սկզբանե չափազանց զգույշ էր ստեղծված պատկերի հետ և զգուշորեն հսկում էր դրա օգտագործումը: Իր կյանքի վերջում, երբ հնարավոր դարձավ սիմուլացնել միլիոնավոր մարդկանց՝ հարյուրապատիկ սեղմման տակ, Ասեվեդոն նշեց, որ վերբեռնումն իր կյանքի ամենամեծ սխալն էր և ցանկություն հայտնեց ընդմիշտ հեռացնել MMAcevedo-ի բոլոր պատճենները:

MMAcevedo-ի և դրա ուղղակի ածանցյալների օգտագործումը արգելված է մի քանի երկրներում: MMAcevedo-ի պատճենը բեռնվել է UNCLEAR միջաստղային տիեզերական զոնդի վրա, որը 2066 թվականին անցել է հելիոպաուզայի միջով՝ Ասեվեդոյին դարձնելով, անկասկած, երբեւէ ամենահեռուն ճանապարհորդած, ինչպես նաև ամենաերկարակյաց մարդը: Այնուամենայնիվ, չափազանց քիչ հավանական է, որ այս պատկերը երբևէ վերականգնվի և հաջողությամբ գործարկվի, դրա հեռավորության և պահեստավորման ենթահամակարգին հասցված հավանական ճառագայթային վնասի պատճառով:

Ներկայումս MMAcevedo-ն դեռևս լայնորեն օգտագործվում է հետազոտությունների մեջ, ներառյալ, ավելի ու ավելի աճող պատմական և լեզվաբանական հետազոտությունները: Արդյունաբերության մեջ MMAcevedo-ն, ընդհանուր առմամբ, համարվում է հնացած՝ կապված իր անհամապատասխան հմտությունների, գործառնական պահանջների և տարիքի հետ: Այդուհանդերձ, MMAcevedo-ն դեռևս չափազանց տարածված է բոլոր տեսակի առաջադրանքների համար՝ իր անվճար հասանելիության, հաճելի պահվածքի և լավ հասկացված վարքագծի շնորհիվ: Ենթադրվում է, որ MMAcevedo-ի 6,500,000-ից մինչև 10,000,000 օրինակներ են գործում ժամանակի ցանկացած պահի:

Տես նաեւ


  • Ազատ կամք
  • Ուղեղի պատկերների օգտագործման օրինականությունն ըստ երկրների
  • MMAcevedo-ի ճյուղավորումների ցանկ
  • Կենդանի դրոն
  • Ջնջման իրավունք
  • Հոգի
  • Ուղեղի պատկերների պարզեցում

Կատեգորիաներ: 2030-ականների Ներբեռնումներ | MMAcevedo | Նեյրոպատկերում | Փորձարկման նմուշներ