Հանճարեղությունը ըստ Փոլ Գրեմի
Փոլ Գրեմի The Bus Ticket Theory of Genius-ի թարգմանությունը:
Բոլորը գիտեն, որ մեծ գործեր կատարելու համար պետք է և՛ բնական կարողություն, և՛ վճռականություն: Բայց կա երրորդ բաղադրիչը, որը բավականաչափ լավ հասկացված չէ. մոլուցքային հետաքրքրությունը որոշակի թեմայի նկատմամբ։
Սա բացատրելու համար ես պետք է ոչնչացնեմ իմ հեղինակությունը մարդկանց որոշակի խմբի` ավտոբուսի տոմսեր հավաքողների մոտ: Կան մարդիկ, ովքեր հին ավտոբուսի տոմսեր են հավաքում: Շատ նմուշահավաքների նման, նրանք ունեն մոլուցքային հետաքրքրություն իրենց հավաքածուի մանրուքների նկատմամբ: Նրանք կարող են հիշել տարբեր տեսակի ավտոբուսների տոմսերի փոքր տարբերությունները, որը դժվար կլինի մեզանից յուրաքանչյուրի համար: Որովհետև մենք բավականաչափ ուշադրություն չենք դարձնում: Ի՞նչ իմաստ ունի այդքան ժամանակ ծախսել հին ավտոբուսի տոմսերի մասին մտածելու վրա:
Սա բացահայտում է այդ տեսակ մոլուցքի երկրորդ հատկանիշը. իմաստի բացակայությունը: Ավտոբուսի տոմս հավաքողների սերն անշահախնդիր է: Նրանք դա անում են ոչ թե մեզ վրա տպավորություն թողնելու կամ հարստանալու համար, այլ հենց այնպես:
Երբ զննում ես մարդկանց կյանքը, ովքեր ինչ որ նշանակալից աշխատանք են կատարել, նկատում ես մի հաստատուն օրինաչափություն: Նրանք հաճախ սկսում են ավտոբուսի տոմսեր հավաքողի նման՝ ինչ-որ բանի նկատմամբ սեւեռուն մոլուցքով, որն անիմաստ կթվա իրենց ժամանակակիցներից շատերին: Դարվինի՝ «Բիգլով» նավարկության մասին գրքի ամենավառ առանձնահատկություններից մեկը նրա խորը հետաքրքրությունն է բնական պատմության նկատմամբ: Նրա հետաքրքրասիրությունն անսահման է թվում։ Նույնն էլ Ռամանուջանի համար. թերթիկը ձեռքին ժամերով նստած պարզել, թե ինչ է տեղի ունենում շարքերի հետ:
Թյուր է կարծել, թե նրանք «հիմք էին դնում» այն հայտնագործությունների համար, որոնք հետագայում արեցին: Այս դիտարկման մեջ չափազանց մեծ դիտավորություն կա: Ավտոբուսի տոմսեր հավաքողների պես՝ նրանք դա անում էին, քանի որ իրենց դուր էր գալիս:
Բայց Ռամանուջանի և ավտոբուսի տոմս հավաքողի միջև կա տարբերություն: Շարքերը կարևոր են, իսկ ավտոբուսի տոմսերը՝ ոչ:
Եթե ես ստիպված լինեի հանճարի բաղադրատոմսը մեկ նախադասության մեջ դնելու, ապա դա կլիներ հետեւյալը՝ ինչ-որ կարեւոր բանի նկատմամբ ունենալ անշահախնդիր մոլուցք:
Չե՞մ մոռանում արդյոք մյուս երկու բաղադրիչների մասին։ Ավելի քիչ, քան դուք ենթադրում եք: Թեմայի նկատմամբ մոլուցքային հետաքրքրությունը և՛ կարողության փոխնորդն է, և՛ վճռականության փոխարինողը: Քանի դեռ բավարար մաթեմատիկական ունակություններ չունեք, շարքերը հետաքրքիր չեն լինի: Երբ դուք մոլեգին ձեւով հետաքրքրված եք ինչ-որ բանով, ձեզ մեծ վճռականություն պետք չէ. պետք չէ ինքներդ ձեզ ուժեղ մղել դեպի առաջ, երբ հետաքրքրասիրությունն արդեն ձեզ քաշում է:
Կպչուն հետաքրքրասիրությունը նույնիսկ կավելացենի ձեր բախտը բերելու հավանականությունը: Բախտը, ինչպես ասում էր Լուի Պաստյորը, ժպտում է պատրաստված մտքին: Եւ եթե կա մի բան, որ հետարքրասիրությամբ վառված միտքն է, ապա դա պատրաստված լինելն է:
Անշահախնդրությունը. սա է նմանօրինակ մոլուցքի ամենակարեւոր հատկանիշը։ Ոչ միայն այն պատճառով, որ դա լրջության զտիչ է, այլ որովհետև այն օգնում է ձեզ բացահայտել նոր գաղափարներ:
Դեպի նոր գաղափարներ տանող ուղիները միտված են անհեռանկարային թվալ: Եթե դրանք խոստումնալից թվային, այլ մարդիկ արդեն հետազոտելիս կլինեին դրանք: Ինչպե՞ս են մարդիկ՝ ովքեր մեծ գործեր են կատարում, հայտնաբերում ճանապարհները, որոնք մյուսները անտեսում են: Ակնհայտ պատասխանն այն է, որ նրանք պարզապես ավելի լավ տեսիլքներ ունեն. քանի որ նրանք շատ տաղանդավոր են, նրանք տեսնում են ճանապարհներ, որոնք այլոք բաց են թողնում: Բայց եթե ուշադիր հետեւենք, թե ինչպես են կատարվում մեծ բացահայտումները կտեսնենք, որ դա այդքան էլ այդպես չէ: Դարվինը առանձնյակների վրա ավելի մեծ(քան մնացածը) ուշադրություն չէր դարձնում նրա համար որ կարծում էր, որ դա մեծ հայտնագործությունների կհանգեցնի: Նա պարզապես իսկապես անչափ հետաքրքրված էր նման բաներով:
Դարվինը չկարողացավ անջատել այդ հետաքրքրասիրությունը: Ռամանուջանը՝ նույնպես: Նրանք հայտնաբերեցին թաքնված ուղիները, ոչ թե որովհետև դրանք խոստումնալից էին թվում, այլ որովհետև նրանք չէին կարող դա չանել: Սա նրանց թույլ է տվել գնալ այնպիսի ճանապարհներով, որոնք ինչ-որ մեկը՝ ով պարզապես հավակնոտ է, անտեսել է:
Ո՞ր բանական անձնավորությունը կորոշի, որ մեծ վեպեր գրելու ճանապարհը պետք է սկսվեր մի քանի տարի ծախսելով երևակայական էլվիական լեզու ստեղծելով, ինչպես Թոլքինն է արել, կամ այցելելով հարավ-արևմտյան Բրիտանիայի յուրաքանչյուր ընտանիքի, ինչպես՝ Թրոլոփը: Ոչ ոք, այդ թվում՝ Թոլքինն ու Թրոլոփը։
Ավտոբուսի տոմսերի տեսությունը նման է Քարլայլի հանճարի մասին հայտնի սահմանմանը՝ որպես տանջանքին դիմանալու անսահման կարողություն: Բայց կա երկու տարբերություն: Ավտոբուսի տոմսերի տեսությունը պարզ է դարձնում, որ ցավ տանելու այս անսահման կարողության աղբյուրը ոչ թե անսահման ջանասիրությունն է, այլ այն անսահման հետաքրքրությունը, որ ունեն հավաքողները: Սա ավելացնում է մի կարևոր որակավորում եւս՝ տանջանքին դիմանալու անսահման կարողություն հանուն կարեւոր բանի:
Այսպիսով, ի՞նչն է կարևոր: Դուք երբեք չեք կարող վստահ լինել: Հենց այն պատճառով, որ ոչ ոք չի կարող նախապես գուշակել, թե որ ճանապարհն է խոստումնալից: Դուք կարող եք բացահայտել նոր գաղափարներ՝ աշխատելով բաների վրա որոնք ձեզ անսահման հետաքրքիր են:
Կան էվրիստիկայի միջոցներ, որոնք կարող եք օգտագործել կռահելու համար, թե արդյոք մոլուցքը կարեւոր բանի նկատամամբ է թե ոչ: Օրինակ ավելի խոստումնալից է, երբ ինչ-որ բան եք ստեղծում, այլ ոչ թե պարզապես սպառում եք ինչ-որ մեկի ստեղծածը: Ավելի խոստումնալից է, երբ հետաքրքրող առարկան դժվար է։ Հատկապես, եթե այն ավելի դժվար է այլ մարդկանց համար քան ձեզ: Տաղանդավոր մարդկանց մոլուցքներն ավելի հավանական է, որ խոստումնալից լինեն։ Երբ տաղանդավոր մարդիկ սկսում են հետաքրքրվել պատահական բաներով, դրանք իրականում այդքան էլ պատահական չեն:
Բայց երբեք չես կարող վստահ լինել։ Ահա մի հետաքրքիր գաղափար, որը եթե ճիշտ լինի կարող է բավական զգոնացնող լինել. հնարավոր է, որ նշանակալից աշխատանք կատարելու համար պետք է նաև շատ ժամանակ վատնել:
Շատ տարբեր ոլորտներում պարգևատրումը համաչափ է ռիսկին: Եթե այդ կանոնը այստեղ նույնպես գործում է, ապա ճանապարհներ գտնելու մեթոդը, որը տանում է դեպի իսկապես մեծ գործերի հետեւյալն է՝ պետք է պատրաստ լինել գործադրել մեծ ջանք այն բաների վրա, որոնք իսկապես անհեռանկարային են թվում։
Վստահ չեմ, արդյոք սա ճիշտ է թե ոչ: Մի կողմից, թվում է թե ժամանակդ չես վատնում քանի դեռ աշխատում ես ինչ-որ հետաքրքիր բանի վրա: Շատ բաներ ի վերջո օգտակար են դառնում: Բայց մյուս կողմից ռիսկի և պարգևի փոխհարաբերության կանոնն այնքան հզոր է, որ թվում է, որ այն գործում է ամենուր, որտեղ ռիսկը կա: Նյուտոնի դեպքը, համենայն դեպս, հուշում է, որ ռիսկի/պարգևատրման կանոնը գործում է այստեղ նույնպես: Նա հայտնի է իր մոլուցքով, որն աննախադեպ բեղմնավոր ստացվեց. օգտագործել մաթեմատիկան աշխարհը նկարագրելու համար: Բայց նա ուներ երկու այլ մոլուցք եւս՝ ալքիմիա և աստվածաբանություն, որոնք, թվում է, ժամանակի լրիվ վատնում էին: Սակայն նա «շահույթով» դուրս եկավ: Նրա խաղադրույքը, որը մենք հիմա անվանում ենք ֆիզիկա, այնքան լավ արդյունք տվեց, որ ավելի քան փոխհատուցեց մյուս երկուսին: Բայց արդյո՞ք անհրաժեշտ էին մյուս երկուսը, այն իմաստով, որ կա՞ր կարիք մեծ ռիսկի դիմելու նման մեծ բացահայտումներ անելու համար։ Չգիտեմ։
Ահա ավելի զգոնացնող գաղափար. կա՞ն այնպիսիք որոնց բոլոր խաղադրույքները վատն են: Հավանաբար դա տեղի է ունենում բավականին հաճախ: Սակայն մենք չգիտենք թե ինչ հաճախականությամբ, քանի որ այս մարդիկ հայտնի չեն դառնում։
Խրթինը միայն այն չէ, որ ճանապարհն սկսելուց «շահույթը» դժվար է կանխատեսել: Կարեւոր է նաեւ սկսել ճիշտ պահին: 1830 թվականն իսկապես լավ ժամանակ էր բնական պատմությամբ մոլեռանդ ձեւով հետաքրքրվելու համար: Եթե Դարվինը ծնվեր 1809-ի փոխարեն 1709 թվականին, մենք երբեք նրա մասին չէինք լսի։
Ի՞նչ կարելի է անել նման անորոշության պայմաններում։ Լուծումներից մեկը ձեր խաղադրույքների հեջավորումն է(ներդրումային դիրք, որի նպատակն է նվազեցնել ներդրումների արդյունքում հավանական կորուստների կամ օգուտների ռիսկը), ինչն այս դեպքում նշանակում է ձեր անձնական մոլուցքների փոխարեն գնալ ակնհայտ խոստումնալից ճանապարհով: Բայց ինչպես ցանկացած ռիսկի նվազեցման դեպքում, դուք նվազեցնում եք պարգևը նույնպես: Եթե դուք հրաժարվեք աշխատել այն ամենի վրա, ինչ ձեզ դուր է գալիս, որպեսզի հետևեք ավելի պայմանականորեն հավակնոտ ճանապարհի, կարող եք բաց թողնել մի հրաշալի բան, որն այլապես կբացահայտեիք: Շատ հաճախ տեղի է ունենում հենց այսպես, գուցե նույնիսկ ավելի հաճախ, քան այն հանճարների արած խաղադրույքները, որոնք ամբողջապես ձախողվում են:
Մյուս լուծումը՝ թույլ տալ ձեզ հետաքրքրվել բազմազան բաներով: Դուք չեք նվազեցնի ձեր վերելքի հավանականությունը, եթե անցում կատարեք իրական հետաքրքրությունների միջև: Բայց այստեղ նույնպես կա վտանգ. եթե դուք աշխատում եք շատ տարբեր նախագծերի վրա, հնարավոր է բավականաչափ չխորանաք դրանցից ոչ մեկի մեջ:
Ավտոբուսի տոմսերի տեսության հետաքրքրաշարժ կետերից մեկն այն է, որ այն կարող է օգնել բացատրել, թե ինչու են տարբեր տեսակի մարդիկ աչքի ընկնում տարբեր տեսակի աշխատանքների մեջ: Հետաքրքրասիրությունը շատ ավելի անհավասարաչափ է բաշխված, քան կարողությունը: Եթե բնական կարողություններն այն ամենն են, ինչ հարկավոր է մեծ գործեր անելու համար, և դրանք հավասարաչափ են բաշխված, ապա պետք են տեսություններ՝ բացատրելու համար բոլոր շեղված բաշխվածությունները նրանց մեջ, ովքեր իրականում մեծ աշխատանք են կատարում տարբեր ոլորտներում: Հնարավոր է, որ շեղումների մեծ մասն ավելի պարզ բացատրություն ունի. տարբեր մարդկանց հետաքրքրում են տարբեր բաներ:
Ավտոբուսի տոմսերի տեսությունը նաև բացատրում է, թե ինչու է երեխաներ ունենալուց հետո մեծ գործեր կատարելու հավանականությունը ընկնում: Հետաքրքրությունն այստեղ արդեն պետք է մրցակցի ոչ միայն արտաքին խոչընդոտների, այլև մեկ այլ հետաքրքրության հետ, որը մարդկանց մեծամասնության համար չափազանց հզոր է: Երեխաներ ունենալուց հետո ավելի դժվար է աշխատանքի համար ժամանակ գտնելը, բայց դա հեշտ մասն է: Իրական փոփոխությունն այն է, որ չես ուզում:
Սակայն ավտոբուսի տոմսերի տեսությունը առաջարկում է մեծ գործերը խրախուսելու մեթոդներ: Եթե հանճարի բաղադրատոմսը պարզապես բնական կարողությունն ու քրտնաջան աշխատանք է, ապա մենք միայն կարող ենք հուսալ, որ ունենք շատ կարողություններ և աշխատենք այնքան, որքան կարող ենք: Բայց եթե հետաքրքրությունը հանճարի կարևոր բաղադրիչն է, մենք կարող ենք, զարգացնելով հետաքրքրությունը, զարգացնել նաեւ հանճարը:
Օրինակ, որոշ հավակնոտներին ավտոբուսի տոմսերի տեսությունը հուշում է, որ մեծ գործեր կատարելու համար հարկավոր է մի փոքր հանգստանալ։ Փոխարենը ատամները կրճտացնել ու ջանասիրաբար հետամուտ լինել դեպի այն բաները, որոնք ըստ կողքիդ մարդկանց ամենախոստումնալիցն են թվում, գուցե պետք է փորձել ինչ-որ բան անել պարզապես զվարճանքի համար: Եթե դուք գտնվում եք փակուղու մեջ, սա կարող է լինել վեկտոր որը կհանգեցնի շրջադարձի:
Ինձ միշտ դուր է եկել Համինգի հանրահայտ երկիմաստ հարցը՝ որո՞նք են ձեր ոլորտի ամենակարևոր խնդիրները, և ինչո՞ւ դուք չեք զբաղվում դրանցից որեւէ մեկով: Սա ինքդ քեզ ցնցելու հիանալի միջոց է: Օգտակար մտավարժանք. եթե կարողանայիք մեկ տարի արձակուրդ վերցնել՝ աշխատելու մի բանի վրա, որը հավանաբար կարևոր չէր լինի, բայց իսկապես հետաքրքիր կլիներ, ի՞նչ կլիներ դա:
Ավտոբուսի տոմսերի տեսությունը նաև առաջարկում է միջոց՝ տարիքի հետ տեմպը դանդաղեցնելուց խուսափելու համար: Հավանաբար, պատճառը, որ մարդիկ ավելի քիչ նոր գաղափարներ են ունենում երբ մեծանում են այն չէ, որ նրանք կորցնում են իրենց առավելությունը: Պատճառներից մեկը կարող է լինել կայանալուց հետո այլևս անպատասխանատու կողմնակի նախագծերի հետ առնչվել չուզենալը, ինչպես կարող էիք երիտասարդ ժամանակ, երբ ոչ ոքի չէր հետաքրքրում ձեր արածը:
Դրա լուծումն ակնհայտ է՝ մնա անպատասխանատու։ Այնուամենայնիվ, դա դժվար է, քանի որ պատահական նախագծերը, որոնք դուք ձեռնարկում եք անկումը կանխելու համար, կողմնակի մարդկանց համար կթվան որպես դրա ապացույց: Դուք ինքներդ համոզված չեք լինի նրանք սխալ են թե ոչ: Բայց գոնե ավելի հաճելի կլինի աշխատել ձեր ուզածի վրա:
Նույնիսկ հնարավոր է, որ մենք կարողանանք երեխաների մեջ զարգացնել ավտոբուսի տոմսեր հավաքելու ինտելեկտուալ սովորություն: Կրթության ստանդարտ պլանն է՝ սկսել լայն հետաքրքրություններից, այնուհետև աստիճանաբար խորանալ կոնկրետ առարկաների մեջ: Բայց երեխաներիս հետ ես ճիշտ հակառակն եմ անում։ Ես գիտեմ, որ կարող եմ հույս դնել դպրոցի վրա լայն, մակերեսային գիտելիքնեի մասով, ուստի ես նրանց հետ զբաղվում եմ խորը գիտելիքներով:
Երբ հանկարծ ինչ-որ բան գրգռում է նրանց հետաքրքրությունը, կոչ եմ անում խորանալ որքան հնարավոր է՝ ավտոբուսի տոմսեր հավաքողների նման: Ես դա չեմ անում ավտոբուսի տոմսերի տեսության պատճառով: Ես դա անում եմ, քանի որ ուզում եմ, որ նրանք զգան սովորելու բերկրանքը։ Նրանք երբեք չեն զգա նույնը մի բանի նկատմամբ, որը ես ստիպում եմ նրանց սովորել: Դա պետք է լինի նրանց հետաքրքրող մի բան։ Ես պարզապես գնում եմ նվազագույն դիմադրության ճանապարհով, իսկ խորությունը միայն կողմնակի արդյունք է: Փորձելով ցույց տալ նրանց սովորելու բերկրանքը, արդյունքում սովորեցնում եմ նրանց խորանալ:
Կունենա՞ սա ինչ-որ ազդեցությույն: Գաղափար չունեմ: Այս անորոշությունը հենց ամենա հետաքրքիր մասն է: Շատ բան կա դեռ սովորելու՝ իմաստալից, մեծ բաների հասնելու մեթոդների մասին: Որքան էլ հին թվա մարդկային քաղաքակրթությունը, այն իրականում դեռ շատ երիտասարդ է, եթե մենք դեռ չենք սովորել նման հիմնարար բաներից գլուխ հանել: Հետաքրքիր է մտածել, որ դեռևս կան չարված բացահայտումներ բացահայտումների մասին: Եթե, իհարկե, դա ձեզ հետաքրքիր է։